Հասարակություն

Աղետի գոտում գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են

Այսօր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով պատասխանատու կառույցների ներկայացուցիչների, աշխատակազմի մասնակցությամբ Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել: Նիստին ներկա էր նաև ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանը:

Ներկայացվել են հեղեղումներից տուժած բնակավայրերում ակտիվորեն իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ աշխատանքները: էներգամատակարարման և գազամատակարարման վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ջրամատակարարումը մեկ կետից՝ վերականգնվել է Քարկոփ համայնքում, Սանահին կայարան թաղամասում այս պահին ջրագիծ է անցկացվում։

Նշվել է, որ գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խմելու ջրի մշտադիտարկում և վերահսկողություն է կատարում։

Աղետի գոտում ՀՎԿԱԿ-ի մասնագետները շարունակում են նաև հողից և անկած կենդանիներից նմուշառումներ կատարել, համապատասխան միջոցներ ձեռնարկել, տեղում իրականացրել իրազեկում:

Շարունակվում են հետիոտնային և ժամանակավոր կամուրջների տեղադրման աշխատանքները: Հումանիտար օգնության բաշխումը ամենօրյա ռեժիմով շարունակվում է։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր կառույցներին պատասխանատու և հետևողական աշխատանքի համար։ Տրվել են նոր հանձնարարականներ։