Կառավարության որոշմամբ Կապանի մարզադաշտը, դրան կից ենթակառուցվածքները ու գույքը ճանաչվեցին հանրության գերակա շահ և պետականացվեցին։ Ինչպես նշված է որոշման նախագծում, մարզադաշտը, վերջինիս գույքն ու ենթակառուցվածքները կապիտալ վերանորոգման կարիք ունեին, սակայն այն հնարավոր չէր իրականացնել խառը պատկանելության պատճառով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռ 2018թ. կապանցիներն իր առաջ բարձրացրել են այդ հարցը՝ խնդրելով «ֆուտբոլը վերադարձնել Կապան»․ «Իսկ խնդիրն այն էր, որ Կապանի ֆուտբոլային մարզադաշտի և օժանդակ կառույցների իրավական տարբեր կարգավիճակների, տարբեր սեփականատերերի, այդ թվում՝ ֆուտբոլային ակումբի հետ հակասությունների պատճառով ստացվել էր այնպես, որ Կապանի քաղաքային կյանքի անբաժանելի մասը՝ ֆուտբոլային խաղերը, ընդհատվել էին»,- պատմել է նա՝ հավելելով, որ խոստացել էր բավարարել կապանցիների խնդրանքը, բայց դա բարդ ընթացք ստացավ։ Վարչապետը հիշեցրել է, որ «Գանձասար» ֆուտբոլային ակումբը առաջին խմբի առաջնությունում առաջին տեղն է գրավել և պետք է հանդես գա բարձրագույն խմբում. «Գանձասար» ակումբի հաջողությունը մեզ նոր իրավիճակի առաջ կանգնեցրեց, որովհետև Կապանի մարզադաշտը չի համապատասխանում բարձրագույն խմբի ֆուտբոլային խաղերի անցկացման չափանիշներին»,- ասել է նա։ Արդյունքում, որոշում է կայացվել այդ հակասությունների պարագայում տարածքը ճանաչել հանրության գերակա շահ ու պետության սեփականություն դարձնել։