Հասարակություն

«Հասկանալի չէր, թե ինչում է խնդիրը». Ավանեսյանը՝ ՔՊ-ականների քննադատության մասին

«Դե, մի քիչ հասկանալի չէր, թե ինչում է խնդիրը, որովհետև, կարծում եմ. կառավարությունն իր տված խոստումը՝ ամեն տարի ավելացնել պետպատվերի շրջանակները, իրականացնում է, և բյուջեի ավելացումն էլ դրա օրինակն է». ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով խորհրդարանում 2023թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավորների քննադատություններին։ 

Հարցին՝ անձնավորվա՞ծ են այդ քննադատությունները, թիմի ներսում նա խնդիրներ ունի՞, ասել է. «Չեմ կարծում, թե թիմում որևէ խնդիր կա։ Այո, լինում է և քննադատություն, և տեսանկյունների տարբերություններ, բայց դա, կարծում եմ, նորմալ է ու աշխատանքային․ խնդիր չեմ տեսնում»։ 

Նախարարը նշել է, որ իր գործունեության վերաբերյալ դժգոհություն չի լսել։

Հիշեցնենք, ՔՊ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում անդրադարձել էր պետպատվերի շրջանակներում ցուցաբերված բուժօգնության դիմաց պետության կողմից բուժհաստատություններին ունեցած պարտքին, օֆերտայի սկզբունքին. «Բյուջեն ընդունելուց հետո կառավարության որոշում է ընդուվնել, որը բյուջեի վրա բեռն ակնհայտորեն մեծացրել է։ Ակնհայտ պետք է լիներ, որ առաջանալու են պարտքեր՝ բյուջեով ֆինանսավորվելու դեպքում»։