Հասարակություն

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքները կհրապարակվեն այսօր

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հայտարարել է, որ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթը կամփոփվի այսօր․

«Խորհրդի անդամները անհրաժեշտություն չեն տեսել հարցազրույց իրականացնել թեկնածուների հետ։ Ծանոթացել են թեկնածուների ներկայացրած հայեցակարգերին, աշխատանքային կենսագրությանը։ Աշխատանքային նիստում քվեարկությամբ կարտահայտեն իրենց վերաբերմունքը»,- ասել է նա։

Հարցին՝ որևէ մեկին տեսնո՞ւմ է այդ պաշտոնում, Շիրինյանն ասել է. «Թույլ տվեք իրադարձությունից կես ժամ առաջ անոնս չանել դա»։

Նա չի բացառել, որ որևէ մեկը չընտրվի։

Գարեգին Խումարյանի վերընտրվելու հնարավորությունը Շիրինյանը չի բացառել՝ ասելով, թե դա սկզբունքորեն հնարավոր է, քանի որ Խումարյանն առաջադրել է իր թեկնածությունը։ Հարցին՝ Խումարյանի սոցցանցային գրառման վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումը կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնավարմանը, Շիրինյանն ասել է. «Իհարկե, եթե արտահայտել ենք որևէ դիրքորոշում, այն մնալու է մեզ հետ որոշ ժամանակ, մինչև մոռանանք»։