Հասարակություն

Ակադեմիական քաղաքի հատակագիծը պատրաստ կլինի հուլիսին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին:

2023թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Անդրեասյանը հիշեցրել է, որ նախորդ տարի ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը «Ակադեմիական քաղաք» ծրագրի հիմնական իրականացնող մարմինն է:

«Հայեցակարգային աշխատանքներն իրականացվեցին «Ակադեմիական քաղաք»-ի պատկերացումը և հայեցակարգն ամրագրելու համար: Մենք նաև ունեցանք առաջին պայմանագրերը: Այս պահին արդեն պարզ է, որ հուլիսին կունենանք գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը»,-ասել է նա։

Ըստ նախարարի, զուգահեռ շրջանառվում են մի քանի նախագծեր, որոնք հնարավորություն են տալու պայմանագրեր ունենալ տրանսպորտային նախագծի հետ կապված, քաղաքի ամբողջական կառավարման, քաղաքաշինական զարգացման ուղղություններով: Բոլոր այս ուղղություններով նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ: