Հասարակություն

Կրակոցներ՝ Երևանում․ կա վիրավոր

Հունիսի 3-ին կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր քաղաքացի։ Ժամը 19։00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 41 փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ ոստիկանները դեպքի վայրում էին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Նոր Արեշ 41 փողոցի 17 հասցեից՝ Երևանի շտապօգնության կողմից, և վիրավորը նշված տան բնակիչ 52-ամյա Արթուր Ա․- ն է։

Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ ժամը 18։30-ի սահմաններում նշված հասցեի դիմաց Արթուր Ա․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հորեղբոր որդու, նույն տան բնակիչ 46-ամյա Գարիկ Ա․-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած ողորկափող հրազենով 2 կրակոց է արձակել, ինչի պատճառով էլ Արթուր Ա․-ն ձախ ոտքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք։

Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, թե որտեղ է գտնվում կասկածյալ Գարիկ Ա․-ն, ում հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և ձերբակալվել։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը։ Գարիկ Ա․-ին և հրազենն Էրեբունու ոստիկանները ներկայացրել են քննչական բաժին։