«Աղետի մասշտաբները հսկայական են, բոլոր գերատեսչությունների ներգրավվածության կարիքը կա». հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ մանրամասներ հայտնելով մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից։
Ըստ նրա՝ պետք է աջակցող, խրախուսող, արտոնություններ տրամադրող ծրագրեր մշակել, քանի որ բիզնես գործունեություն իրականացնող շատ մարդիկ են տուժել. «Պետք է հասկանալ՝ փոխհատուցման հարցերը ինչպես իրականացնել, ինչ մեթոդներով»։
Անդրադառնալով տարհանված բնակիչներին՝ նա ասել է, թե 443 բնակչից միայն 44-ն է հյուրանոցում, մյուսները նախընտրել են ծանոթների ու բարեկամների մոտ մնալ. «Բոլորի հետ կապ կա, մատակարարումներ արվում են, օրվա ընթացքում այդ մարդիկ վերադառնում են իրենց ջրալցված տարածքներ, փրկարարների, համայնքապետարանների ու մարզպետարանների աշխատողների հետ իրենք էլ են փորձում մաքրման աշխատանքներ անել»։
Վարչապետ Փաշինյանն էլ տեղեկացրել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել «Ռուսական երկաթուղիների» ներկայացուցիչների հետ, քննարկել Հայաստանում ջրհեղեղից վնասված երկաթուղու վերականգնման հարցը․
«Ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետում երկաթուղին կվերականգնվի, որը, կարծում եմ, շատ կարևոր է»։
Սանոսյանն էլ հավելել է, որ Այրում կայարան–Ալավերդի հատվածի վերականգնումը մեծ ժամանակ կպահանջի. «Բեռները կտեղափոխենք մինչև Այրում կայարան, այնտեղ՝ հարակից հատվածում, կա կամուրջ, որը նախկինում պահածոների գործարանի մատակարարման համար է եղել և երկար ժամանակ չէր աշխատում, հիմա այդ երկաթուղային կամուրջը վերափոխում, դարձնում ենք կամուրջ, որի վրայով բեռնատարները կանցնեն․ առաջիկա 2-3 օրը կավարտենք»։