Հասարակություն

Բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը և տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը. նախարար

2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխանել ենք հարկաբյուջետային կանոններին: Կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը: Մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 23,4 տոկոսը` նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0,7 տոկոսային կետով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների` մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, ծախսերն ու պակասուրդը:

2023 թվականին գործադիրը շարունակել է իրականացնել տնտեսական ներուժի բարձրացմանը, առանձին ոլորտներում առաջացող հիմնախնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության սոցիալական կարիքներին ուղղված հարկաբյուջետային աջակցության ծրագրեր: Պահպանվել է կապիտալ ծախսերի դերի շարունակական բարձրացման միտումը: Կապիտալ ծախսեր/ ՀՆԱ ցուցանիշը համախառն ներքին արդյունքում հասել է 5 տոկոսի` թույլ տալով պատշաճ ֆինանսավորել անվտանգային եւ կենսական նշանակության ենթակառուցվածքային ծրագրերը:

Ըստ զեկուցողի` տարվա ընթացքում կանխատեսվածից բարձր տնտեսական աճի պայմաններում պլանավորված չեզոք հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում իրականացվել է ամբողջական պահանջարկը զսպող քաղաքականություն:

«Չնայած ստեղծված մարտահրավերներին` 2023 թվականի բարձր տնտեսական աճը եւ հարկաբյուջետային քաղաքականության ջանքերը թույլ են տվել ապահովել ՀՆԱ-ի համեմատությամբ պետական բյուջեի պակասուրդի նվազում: ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 2 տոկոս` նախորդ տարվա համեմատ նվազելով 0,1 տոկոսային կետով»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48,1 տոկոս` նախորդ տարվա նկատմամբ աճելով 1,4 տոկոսային կետով:

Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ 2023 թվականին արձանագրվել է ոչ առեւտրային բնույթի դրամական փոխանցումների անկում: Նշվել է, որ փոխանցումները նվազել են 44,3 տոկոսով, որը պայմանավորված է ԱՄՆ-ից` 12,5, այլ երկրներից` 26,6 եւ ՌԴ-ից` 53 տոկոս նվազմամբ:

«ՀՀ տնտեսության համար ձեւավորված նպաստավոր արտաքին տնտեսական պայմանների դերի նվազման հետեւանքով 2023 թվականին տնտեսական աճի տեմպը դանդաղել է 2022 թվականի համեմատ, սակայն պետբյուջեից կապիտալ ծախսերի եւ բնակարանաշինության շարունակվող բարձր աճի, ինչպես նաեւ տարեվերջին ոսկերչության կտրուկ աճի տնտեսական ազդեցությունների արդյունքում շարունակել է մնալ բարձր` գրանցելով 8,7 տոկոս իրական աճ»,- նշել է նախարարը:

Զեկուցողի խոսքով 2023 թվականին զգալիորեն դանդաղել է գնաճը` տարեսկզբից միջազգային շուկաներից փոխանցված գնանկումային ազդեցությունների հետեւանքով: