Հասարակություն

Հաշվեքննիչ պալատը 2023թ. բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում. Ջանջուղազյան

Հաշվեքննիչ պալատը 2023թ. բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում. Ջանջուղազյան

«2023 թվականի բյուջեի կատարման հաշվեքննությունը բոլոր էական առումներով ճշմարիտ է ներկայացնում 2023 թվականի պետական բյուջեի մուտքերի ձեւավորման եւ ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունը, ու այդ առումով Հաշվեքննիչ պալատը 2023 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում»,- Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացնելիս հայտարարել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:

Պալատը հաշվետու տարվա վերաբերյալ իրականացրել է 40 հաշվեքննություն, 10 պետական մարմիններում: Ծածկույթը կազմել է 1 տրիլիոն 237 մլրդ դրամ կամ ծախսային մասի շուրջ 83,9 տոկոսը: Իրականացվել են ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննություններ:

Անհամապատասխանությունների, խեղաթյուրումների եւ դրանց հիման վրա ձեւավորված առաջարկությունների վիճակագրությանն անդրադառնալով` Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 10 գերատեսչություններում անհամապատասխանությունների արձանագրված եւ տարեվերջին պահպանված թիվը 134 է: Այս համատեքստում նա հստակեցրել է, որ եռամսյակային հաշվեքննությունների ընթացքում արձանագրված անհամապատասխանություններ կան, որոնք պետական մարմինները շտկել են: 5 պետական մարմիններում 14 խեղաթյուրում է եղել` 5,5 մլրդ դրամի չափով կամ հաշվեքննության ենթարկված գումարի 0,26 տոկոսը: Այդ ցուցանիշը, ըստ ՀՊ նախագահի, չի ազդել հավեքննության արդյունքների հիման վրա եզրակացությունում տեղ գտած աուդիտորական կարծիքի վրա:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական