Հասարակություն

«Դեպքը գտնվում է ուշադրության կենտրոնում». ՆԳ փոխնախարարը՝ կաթողիկոսի հետ կապված միջադեպի մասին

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությամբ միջադեպին, երբ ոստիկանները սկզբում թույլ չեն տվել մոտենալ հուշահամալիրին։

Նրա խոսքով՝ ցանկացած դեպք, այդ թվում սա, գտնվում է նախարարության հակակոռուպցիոն և ներքին անվտանգության վարչության ուշադրության կենտրոնում. «Եթե գործընկերները փաստերի համադրման արդյունքում գտնեն, որ կա ծառայողական քննության կարիք, վստահեցնում եմ՝ դա կլինի, որովհետև ՆԳՆ-ի համար բռնության կամ լիազորությունների ոչ իրավաչափ անցման դեպքերն ընդունելի չեն»։

Նա նաև նշել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարցի շուրջ պարզաբանումներ է տվել, ինչին ինքն ավելացնելու բան չունի։