Հասարակություն

Նախարարին զեկուցվել է Ալավերդիի փողոցների մաքրման, վնասների գույքագրման ընթացքը

Ալավերդու համայնքապետարանում ավարտվեց Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նիստին մասնակցել է նաև Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը։ Նախարարին զեկուցվել է երեկ երեկոյան տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև վաղ առավոտից մեկնարկած աշխատանքների, Ալավերդի քաղաքի փողոցների մաքրման, վնասների գույքագրման, ընթացիկ այլ աշխատանքների կատարման ընթացքը։

Նախարար Սանոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ կապված վնասների գույքագրման աշխատանքների հետ։

Ջրառ ՓԲԸ տնօրենը զեկուցվել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Նախարարը հանձնարարել է բոլոր աշխատանքները իրականացնել համակարգված, հնարավորինս արագ և գրագետ ձևով։ Նիստից հետո Սանոսյանը շարունակել է դիտարկել Մ6 մայրուղու վնասները։