Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների հետևանքով աղետի գոտի հայտարարված Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։
«Լուսաբացին նախորդ օրվա դրությամբ 35 սմ գետում ջրի մակարդակի նվազում ունենք։ Սա հեշտացնում է մի շարք աշխատանքների կազմակերպումը։ Երեկ երեկոյան աշխատանքների բաժանում ենք իրականացրել՝ տարբեր ուղղություններով։ Իրականացվում են երկաթգծի, ճանապարհների, կամուրջների, էլեկտրահաղորդման գծերի, գազատարների վերականգնման, ինչպես նաև գույքագրման, բնակիչներին սննդի մատակարարման աշխատանքներ»,- հայտնել է նախարարը։