ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի 9-րդ հանրապետական մարզական առաջնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայության կողմից ամենամյա անցկացվող մանկապատանեկան միջոցառումը նպատակ ունի երիտասարդ սերնդի մոտ ձևավորել պատասխանատվություն և գիտակից վերաբերմունք հասարակական և անձնական անվտանգության նկատմամբ, զարգացնել արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու իրական գիտելիքներ և հմտություններ, միևնույն ժամանակ՝ նպաստել ֆիզիկական պատրաստության բարելավմանը և խթանել առողջ ապրելակերպը։
Հանրապետական մրցաշարի շրջանակներում իրենց ուժերն էին փորձում Երևանում և մարզերում անցկացված առաջնությունների արդյունքներով ձևավորված 12-17 տարեկան աղջիկների և տղաների հավաքական թիմերը՝ Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության հաղթող երկու և ՀՀ մարզերի հավաքական թիմերը (ընդհանուր 12 թիմ)։
Մարզական առաջնության մեկնարկին ողջույնի խոսքով է հանդես եկել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը։ Ողջունելով և հաղթանակ մաղթելով մասնակիցներին՝ ՓԾ տնօրենի տեղակալը կարևորել է հրշեջ-փրկարարական մարզաձևի առաջնության անցկացումը, պատանի հրշեջ-փրկարարներին մաղթեց հաջող և արդյունավետ մրցումներ: Մրցաշարի հանդիսավոր մեկնարկը տրվել է Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացմամբ։
Այնուհետև մասնակից թիմերն ուժերը փորձել են հինգ մարզաձևում՝ մարտական հագուստ-հանդերձանքի հագնում, ձգումներ կախ դրությունից (տղաներ), հրում հատակից՝ պառկած դրությունից (աղջիկներ), համալիր վարժություն և փոխանցումավազք (4x100 մ)։
Ողջ մրցաշարի ընթացքում թիմերի հետ աշխատանքներ էին տանում ՆԳՆ ՓԾ հոգեբանները, ովքեր երեխաների հետ իրականացնում էին ինքնակարգավորման վարժություններ, ըստ անհրաժեշտության տրամադրում խորհրդատվություն՝ ուղղված մոտիվացիայի բարձրացմանը և թիմային աշխատանքի խթանմանը։
Ամփոփելով տարբեր մրցաձևերում մասնակիցների գրանցած արդյունքները և համառ պայքարի արդյունքում գրանցած հաջողությունները՝ առաջնության մրցավարական կազմը հաղթող է ճանաչել Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիմին, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ լավագույնը ճանաչվում հրշեջ-փրկարարական մարզաձևի առաջնության հանրապետական փուլում։
Երկրորդ պատվավոր տեղն զբաղեցրել է Արարատի թիմը, իսկ երրորդ տեղում Լոռու մարզի թիմն էր։ Առաջնության մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև յուրաքանչյուր մարզաձևում լավագույնս դրսևորած մասնակիցներն ստացել են պատվոգրեր, իսկ մյուս մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով։