Հասարակություն

Սյունիքի մարզում կստեղծվի մաքսային և լոգիստիկ կենտրոն. ՎԶԵԲ-ի հետ կնքվել է համաձայնագիր

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում, մայիսի 14-ին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը։

Համաձայնագրերով նախատեսվում է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծել մաքսային և լոգիստիկ կենտրոն, որը հանդիսանում է ներկայումս որդեգրված Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների ստեղծման ծրագրի բաղկացուցիչ մասը։

Կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ունենալ բավարար մաքսային ենթակառուցվածք՝ շենքային և տարածքային պայմանների, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվական ու սարքավորումների հագեցվածության առումով, ինչի արդյունքում կապահովվի մաքսային հսկողության արդյունավետ իրականացում և արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների համար ձեռնտու լոգիստիկ լուծումների ընտրության հնարավորություն։