Հասարակություն

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է բողոքի ակցիայի մասնակից

Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքի կենտրոնում անցկացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 13-ին Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոցում ճանապարհը նստարաններով փակելու ընթացքում, ակցիայի մասնակիցներից մեկի կողմից կատարվել է առերևույթ խուլիգանական արարք, հայտնում է Քննչական կոմիտեն։ 

Մասնավորապես, ակցիայի նշված մասնակիցը, տարածքում գտնվող անձանց նկատմամբ դրսևորելով անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել տարածքում գտնվող քաղաքացիներից մեկի հասցեին, կապված ճանապարհը բացելու վերաբերյալ վերջինիս արտահայտած դիրքորոշման հետ, և ձեռքի ափով հարվածել նրա դեմքին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վերոնշյալ արարքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ակցիայի նշված մասնակիցը ձերբակալվել է։ Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները համակողմանի պարզելու նպատակով։