Հասարակություն

Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը

Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիան (EBA) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ մայիսի 13-ին կազմակերպել էր «Միջազգային կորպորացիաների և ներդրողների դերը որպես բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման կատալիզատոր» խորագրով համաժողովը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ով ողջունել  է մասնակիցներին, շնորհակալություն հայտնել Եվրոպական բիզնես ասոցիացիային՝ ակտիվ համագործակցության համար։

Նախարարը նշել է, որ Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը՝ հանդիսանալով ոչ թե որպես առանձին ոլորտ, այլ իբրև շոգեքարշ՝ տնտեսության մյուս բոլոր ճյուղերի համար։

Անդրադառնալով միջազգային ներդրումների ներգրավման անհրաժեշտությանը՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը լավագույնս գիտակցում է իր անելիքների ու պատասխանատվության չափաբաժինը։ Այս համատեքստում նախարարը ներկայացրել է հիմնական քայլերը, որոնք իրականացվում են ներդրումային միջավայրն առավել գրավիչ դարձնելու համար։

Միջոցառման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը խոսել է բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման գործում նախարարության դերի, այդ համատեքստում պետություն-մասնավոր համագործակցության, ինչպես նաև տեղական և միջազգային ստարտափների զարգացմանն ուղղված քայլերի մասին: