Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանին և ծրագրի ավագ ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության, իսկ հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը։
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2023 թվականի տարեկան հաղորդմամբ և Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցով ամրագրված մարդու իրավունքներին վերաբերելի տարբեր խնդիրները և դրանց հաղթահարման առնչությամբ ներկայացված առաջարկները։
Պաշտպանը բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցությունը՝ առկա խնդիրները վերհանելու և լուծման ուղիներ նախանշելու տեսանկյունից։ Հանդիպման ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել: