Հասարակություն

Սպառողների պաշտպանության մասին օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵՄ ստանդարտներին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում մասնակցել է «Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանց» (ICPEN) կազմակերպության համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը։

Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավարը մասնակցել է շուկայում գորշ պատկերների միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների և դրանց դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է տաքսի ծառայությունների մատուցման էլ. հարթակներում, առցանց վիճակախաղերի և շահումով խաղերի, առաքումների կազմակերպման և զեղչերի ոլորտներում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի բացահայտած դեպքերը:

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում, որի ընթացքում ՄՊՀ նախագահը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով մարդկային ռեսուրսների և կիրակման գործիքակազմերի կառավարման Հայաստանի փորձը:

Գեղամ Գևորգյանը շեշտել է, որ Հայաստանն այսօր սպառողների շահերի պաշտպանության առումով շատ կարևոր փուլում է գտնվում. քննարկումներ են ընթանում ՀՀ սպառողների պաշտպանության մասին օրենսդրությունը ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Նա մասնավորապես իր խոսքում անդրադարձ է կատարել սպառողների պաշտպանության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառմանը և անհրաժեշտ հմտություններ ունեցող մասնագիտական ներուժի ստեղծմանն ու կատարելագործմանը: