Հասարակություն

Իսպանիայի մշակույթի նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԻԹ մշակույթի նախարար Էռնեստ Ուրտասունի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք հայտնելով համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն:

Կողմերը կարևորել են նաև հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական խմբերի միջև համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը, երկու երկրներում անցկացվող միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցությունը, անմիջական կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը:

Անդրադառնալով Հայաստանում մշակույթի ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ կինոոլորտում մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ համատեղ կինոարտադրության համար ներդրումների մինչև 40%-ի չափով մասնակի վերադարձի հնարավորության է սահմանվել, որն այս ոլորտում ևս փոխհամագործակցության զարգացման հնարավորություն կարող է ապահովել:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Իսպանիայի արվեստի ազգային կենտրոն-թանգարան՝ Ռեյնա Սոֆիա: Թանգարանի տնօրեն Մանուել Սեգադեի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել թանգարանի ցուցասրահներում, քննարկել մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես, երկու երկրների թանգարանների միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում Իսպանիայի արվեստի ազգային կենտրոն-թանգարանի հետ համատեղ ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը:

Հիշեցնենք՝ Մադրիդ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև կրթական ու մշակութային մի շարք այլ հաստատություններ, այդ թվում` Մադրիդի Պրադո ազգային թանգարան, Իսպանիայի ազգային գրադարան, ինչպես նաև Մադրիդի Կոմպլուտենս համալսարան, որտեղ գործում է Հայագիտության հատուկ ամբիոն: