Հասարակություն

Սյունիքի Շաքի գյուղի մոտ մաքսային և լոգիստիկ կենտրոն կկառուցվի

Կառավարության հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային և 10 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրերի ստորագրման առաջարկությունները:

Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը, դրա տեխնիկական ապահովումն ու ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունների մատուցումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ-ից ներգրավվելու են վարկային միջոցներ՝ 10 մլն եվրոյի չափով: Նախատեսվում է կառուցել վարչական շենք: Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, ռենտգենաճառագայթային սարքավորումներով մարդատար տրանսպորտի, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման համար, մարդկանց սկանավորման ռենտգենաճառագայթային սարքավորմամբ, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթեր ընթերցող սարքերով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով, ելքի և մուտքի հատվածներում տեղադրվող հակաճառագայթային սարքավորումներով, բեռնատար մեքենաների տվյալները գրանցող սարքավորումներով և այլն:

Նման կենտրոնների ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում՝ երկրի ամբողջ տարածքում ունենալու բավարար մաքսային ենթակառուցվածք թե՛ շենքային ու տարածքային պայմանների, թե՛ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության և թե՛ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի հասանելիության ու շահագործման հարմարավետության տեսանկյունից։ Այս կենտրոններում ապրանքների ներմուծման և արտահանման դեպքերում մաքսային ձևակերպումների հետ կապված ամբողջական գործընթացները իրականացվում են մեկ վայրում՝ հայտարարագրումից մինչև ապրանքների բացթողումը։ Այսպիսով՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների կիրառման վրա հիմնված կենտրոնի գործարկմամբ հնարավոր կդառնան նաև «Մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական և լիարժեք ներդրումն ու կիրառումը, ինչը հնարավորություն կստեղծի՝ մեկ էլեկտրոնային հայտի միջոցով իրականացնելու ապրանքների մաքսային ձևակերպումների, դրա համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի ստացման գրեթե ամբողջական գործընթացը «Մեկ պատուհանի» սկզբունքով։ Համակարգի գործարկումը կնպաստի ՀՀ սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների պահպանմանն ուղղված միջոցառումների պարզեցմանը և դրա համար ծախսվող ժամանակահատվածի կտրուկ կրճատմանը: Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա՝ անհրաժեշտ բոլոր գործառնություններն իրականացնելու մեկ վայրում՝ արդյունքում էականորեն նվազեցնելով ապրանքների ժամանման պահից մինչև դրանց բացթողումը ծախսվող ժամանակը, նվազագույնի կհասցվեն նաև մաքսային մարմին-տնտեսվարող սուբյեկտ շփումը, կոռուպցիոն ռիսկերը: Ըստ հիմնավորման՝ 2022թ. ընթացքում Հարավային մաքսատուն-վարչությունում հայտարարագրվել է 373,000 տոննա բեռ, իսկ 2023թ. ընթացքում` 569,000 տոննա։

Ձևակերպված հայտարարագրերի քանակը 2022թ. կազմել է 8,100, իսկ 2023թ.` 14,300: Նշված բեռները 2022թ․ տեղափոխվել են 17,600 տրանսպորտային միջոցներով, իսկ 2023թ.` 29,900 տրանսպորտային միջոցներով: Միաժամանակ, կենտրոնի գործարկումը դրական ազդեցություն կունենա նաև մայրուղու երթևեկության վրա. Հարավային մաքսատուն-վարչության շրջակայքի տարածքի նեղ բնույթը պատճառ է հանդիսանում, որ բեռնատարները երբեմն ստիպված լինեն հերթ կանգնել հարակից մայրուղու վրա։ Ծրագրի իրականացմամբ ավելի լավ կկազմակերպվի երթևեկության հոսքը տվյալ տարածքում՝ լուծելով նշված խնդիրը: