Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ է հայտնել նախորդ տարվա օգոստոսին համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ, որտեղ կինը բռնության էր ենթարկում անչափահաս դստերը։
Դատախազը տեղեկացրել է, որ գործն արդեն դատարանում է, գործի շրջանակներում 11 դրվագ է բացահայտվել․ «Գործի վերաբերյալ հատուկ տեղեկատվություն չենք զետեղել մեր կայքում, քանի որ այդ երեխաները մեծանալու են և ապրելու են հասարակության մեջ։ Ուզում ենք, որ այն մարդիկ, որոնք արել են այդ արարքը, պատժվեն»,- ասել է նա։
Վարդապետյանը նաև հայտնել է, որ գործից անջատված մաս կա, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին․ պետք է քննեն ու հասկանան, թե ինչպես է «Նուբարաշեն»-ում գտնվող անձը 11 ամիս շարունակ շահագործել հեռախոս կոնկրետ IP հասցեով, ինչպես է ունեցել էլեկտրոնային հարթակներին հասանելիություն։
Նշենք, որ տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո քրեական գործ էր հարուցվել, իսկ կինը կալանավորվել է։