Հասարակություն

Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է

Այսօր Մայիսի 1–ն է՝ աշխատավորների համերաշխության միջազգային օրը։

Այն նշվում է աշխարհի ավելի քան հարյուր պետություններում։ 

Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: 1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Ցույցերի այս ալիքը շարունակեց նոր թափ հավաքել և արդեն 1889թ. Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի մեկին երթեր և հանրահավաքներ անցկացնել:

Արդեն 1890թ. Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի և այլ եվրոպական երկրների աշխատավորներն առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ: 20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: 1891 թվականին Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը:

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, այն ոչ աշխատանքային է: