Հասարակություն

«BMW»-ն բախվել է թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսին, ապա քարե պատնեշին

Ապրիլի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ճանապարհահատվածում 20-ամյա Ժիրայր Ասլանյանն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող 53-ամյա Հմայակ Սիմոնյանի վարած «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա առաջ ընթանալով՝ բախվել է քարե պատնեշին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Պարեկային ծառայությունն ունի օպերատիվ տեղեկություններ, որ «BMW»-ի վարորդի համար մեկ այլ վարորդ է վթարային իրավիճակ ստեղծել, ապա դիմել է փախուստի: Այդ տեղեկությունը Պարեկային ծառայությունը ճշտում է, աշխատանքներ է իրականացնում վթարային իրավիճակ ստեղծած և փախուստի դիմած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսում եղել է 25-ից ավելի ուղևոր, որոնք նույնպես չեն տուժել: «BMW»-ի՝ քարե պատնեշին բախվելուց հետո այն փլուզվել է։