Հասարակություն

Վահան Քերոբյանին թույլ չեն տվել օգտվել վարսահարդարի և ատամնաբույժի ծառայությունից

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը մանրամասներ է ներկայացրել գործից։ Նա տեղեկացրել է, որ Քերոբյանի տնային կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է. «Երկու ամսվա ընթացքում նախաքննական մարմինը հետազոտել էր այն փաստաթղթերը, որոնք մինչ այդ ևս հետազոտվել էին։ Իրականացվել են հարցաքննություններ․ ասեմ, որ բոլոր առերես հարցաքննությունները ավարտվել էին դեռևս փետրվարին։ Ամբողջ մարտին և ապրիլին, մինչև այսօր, իրականացվել են կրկնակի հարցաքննություններ, այսինքն, արդեն մի քանի անգամ հարցաքննված անձինք ևս մի անգամ ինչ-որ անէական հարցերի շուրջ հարցաքննվել են»,- պատմել է նա։ 

Եգորյանի խոսքով, որ Վահան Քերոբյանն ունի աշխատանքի առաջարկներ, որոնք անհրաժեշտ է ակցենտավորել, այսինքն՝ պաշտոնով, գումարով, աշխատանքի նկարագրով նա չի կարողանում այդ աշխատանքները կատարել, նույնիսկ՝ հեռավար մակարդակով։ Նա հիշեցրել է, որ նախկին նախարարն ունի 5 երեխա, նաև մայրն է իր խնամքի տակ, ինչը ևս անտեսվում է. «Վերջերս պարոն Քերոբյանը վնասվածք էր ստացել տան պայմաններում, խնդրել էինք թույլատրել մոտակայքում գտնվող բժշկական կենտրոն այցելել, խնդրել էինք հնարավորություն՝ վարսահարդարի  և ատամնաբույժի ծառայությունից օգտվել․ սրանք ևս մերժվել են։ Այսինքն, պարոն Քերոբյանին թույլատրվել է միայն շտապ բուժօգնության միջոցով, կյանքին շատ ավելի բարձր ռիսկ սպառնացող հանգամանքներում միայն բուժօգնության դիմելու իրավունք»։