Հասարակություն

Մշակվում է դպրոցներում անվտանգության ստանդարտների նկարագիրը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե մշակվում է դպրոցներում անվտանգության ստանդարտների նկարագիրը։ «Դպրոցներում անվտանգության ապահովման եղանակներն ու գործիքակազմը պետք է ընդլայնվի, և այդ առումով մենք պետք է բավական ադեկվատ լինենք իրավիճակին։ Անվտանգության այն միջոցառումները, որոնց կարիքը կա քաղաքային մեծ դպրոցներում, բանուկ հատվածներում գտնվող դպրոցներում կամ ավագ դասարաններ ունեցող դպրոցներում, մեկը պետք է լինի, իսկ գյուղական բնակավայրերի առանձին դպրոցներում՝ այլ։ Այնպես չէ, որ մի լուծումը լուծում է բոլորի համար»,- ասել է նա։

Ըստ նախարարի՝ կողմնակի անձանց մուտքը դասապրոցեսի ընթացքում չի թույլատրվում, բացառությամբ, եթե անձի հետ կա տեսակցություն, կամ երեխայի ծնող է. «Այդ իմաստով դպրոցներում ելումուտը հստակ կարգավորված է, և պետք է ամրագրենք, որ մեր դպրոցները, համաձայն միջազգային տարբեր հետազոտությունների, համարվում են անվտանգության տեսանկյունից ամենաապահովներից մեկը աշխարհում»։