ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճին։ Ըստ նրա՝ այդ հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․
«Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը կրկնապատկվել է։ Այդ 90%-անոց աճի 90%-ը հետևյալի հետ է կապված՝ օրենսդրության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Օրինակ, հանկարծամահության դեպքով մինչև շատ կոնկրետ ահազանգ չէր լինում, քրեական գործ չէր հարուցվում, հիմա հանկարծամահության բոլոր դեպքերի առիթով հարուցվում է քրեական գործ, և, ընդ որում, պրակտիկան ցույց է տալիս որ դա արդարացված է»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ լինում են այնպիսի դեպքեր, որոնք շատ նման են հանկարծամահության, բայց հետո քրեական գործի շրջանակներում պարզվում է, որ իրականում սպանություն է տեղի ունեցել։
«Իհարկե, դեպքերի մեծ մասով դա հերքվում է, բայց նաև պետք է խոստովանել, որ առանձնապես ծանր հանցագործությունների 27%-ի աճ կա, և սա էլ է պետք արձանագրել։ Բայց այս աճի մի մասն էլ է կապված այդ օրենսդրական փոփոխությունների հետ։ Այն դեպքերի մի մասը, որոնք նախկինում որպես հանցագործություն չէր ֆիքսվի, այս պատճառով հիմա իրենով գործ հարուցվում է»։
Նա նաև նշել է, թե հանցավորության դեմ պայքարը լուրջ մարտահրավեր է։ Ըստ վարչապետի՝ որքան տնտեսությունն աճում է, այդքան մարդկանց, օրինակ՝ զբոսաշրջիկների հոսքը մեծանում է և դառնում մարտահրավեր. «Մենք շատ զգայուն ենք նաև զբոսաշրջիկների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ, որովհետև դա կարող է վատ իմիջ ստեղծել»,- հայտարարել է նա։