Հասարակություն

«Կարողացել ենք կառավարել կորոնավիրուսի թե տարածումը, թե հետևանքների վերացումը». Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի օրերին Հայաստանում իրականացված քայլերին։ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան նա ասել է, թե վերլուծել են կորոնավիրուսի հետևանքները բնակչության առողջության վրա։

Ըստ նախարարի՝ նաև հրապարակվել է մահացության ցուցանիշը. «Հայաստանի արձագանքը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ու բուժմանը միայն իմ գնահատականը չէ, այլև միջազգային գործընկերների, ըստ որի՝ այն եղել է տեղին, ժամանակին և տվյալ պահին առկա ինֆորմացիայի, գիտական մոտեցումներին համարժեք»։

Նա հիշեցրել է, որ ավելի հարուստ երկրները շատ հարցերում ունեցել են դեֆիցիտ, մինչդեռ Հայաստանը նման խնդիր չի ունեցել, առողջապահական համակարգն էլ համալրվել է նոր սարքավորումներով, իրականացրել բուժհաստատությունների արագ վերանորոգման ու հզորությունների մեծացման աշխատանքներ. «Սրա հետ մեկտեղ, կարողացել է կառավարել թե հիվանդացության տարածումը, թե հետևանքների վերացումը, բայց նաև՝ չզրկել երեխաներին դպրոց հաճախելուց»։

Նախարարը նաև հիշեցրել է, որ Հայաստանը, բացի կորոնավիրուսից, նաև պատերազմի մարտահրավերի մեջ է եղել. «Այս երկու ծանրագույն մարտահրավերների արդյունքում մենք կարողացել ենք բնակչությանն ապահովել բժշկական օգնությամբ»։