Հասարակություն

«Տնտեսական աճի տեմպերը դանդաղել են». Ա․ Խաչատրյան

«Տնտեսական աճի տեմպերը դանդաղել են». Ա․ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանին հարցրել է՝ տնտեսական աճի տեմպերը 1/3-ով դանդաղել են, արդյո՞ք 2023–ի զեկույցի մեջ այդ հարցին չպետք է անդրադարձ լիներ:

«2022-ի համեմատ, որտեղ բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմում էր ներհոսքի մոտ կեսը, 2023-ին այդ թիվն էականորեն նվազել է՝ 30-35%–ի կարգի է, իսկ այս տարվա հունվարին՝ 20%: Արդյո՞ք դրան անդրադարձ չպետք է լիներ»,- ասել է նա:

Բաբկեն Թունյանն էլ հակադարձել է, թե տնտեսության ակտիվության անկումը պետք է դիտարկել բազիսային տվյալների վրա, և կարելի է ոչ թե 2022 թվականի բարձր ցուցանիշների հետ համեմատել, այլ՝ 2021 թվականի, իսկ կառավարությունը իր առաջ դրել է 7% տնտեսական աճի թիրախը, որն էլ իրագործում է։

Թունյանի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է գնանկում 0,6%–ի չափով, իսկ տարեկան միջին գնաճը կազմել է 2%: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում միջին աշխատավարձն աճել է 14,6%–ով. գրանցվել է աշխատավարձերի առաջանցիկ աճ գների նկատմամբ: Արտահանման առաջանցիկ աճ է գրանցվել նաև ներմուծման նկատմամբ: Զբոսաշրջության ոլորտում ևս գրանցվել է էական աճ: 2023 թվականին Հայաստան է այցելել ավելի քան 2,3 մլն զբոսաշրջիկ: Աշխատանքի արտադրողականությունը ՀՀ-ում վերջին երեք տարիների ընթացքում աճել է 1,5 անգամ: Գործազրկության մակարդակը կազմել է 12%: Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն անցյալ տարվա վերջին կազմել է 48%: Անդրադառնալով կապիտալ ծախսերին` զեկուցողը նշել է, որ անցյալ տարի կապիտալ ծախսերի ճշտված պլանը եղել է 516 մլրդ դրամ, կատարողականը` շուրջ 96%:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական