Հասարակություն

ՔԿ-ն ներկայացրել է Քարակերտում կատարված սպանության և զենքով խուլիգանության հանգամանքները

Քննչական կոմիտեն ներկայացրել է Քարակերտում կատարված սպանության և զենքով խուլիգանության հանգամանքները։ Քննությամբ պարզվել է, որ 2023թ․ հուլիսի 3-ին՝ ժամը 00․00-ի սահմաններում Քարակերտում գտնվող գիշերային ակումբում վեճ է տեղի ունեցել հիշյալ բնակավայրի 4 և Արագածոտնի մարզի Արտենի գյուղի 2 բնակչի միջև, որը րոպեներ անց հարթվել է։

Սակայն, ժամը 3-ի սահմաններում, երբ Արտենիի 23-ամյա բնակիչը գտնվել է ակումբի դռան մոտ, իր հետ մինչ այդ վիճաբանած Քարակերտի բնակիչներց մեկը նրան հրավիրել է դուրս։ Երիտասարդը, գրպանից հանել է սուր կտրող առարկան և, կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է նրա ազդրին, ապա բութ առարկաների ներգործությամբ հարվածներ հասցրել նաև վիրավոր տղամարդու գլխին:

Շարունակելով խուլիգանական վարքագիծը՝ երիտասարդն այդ ընթացքում հարվածներ է հասցրել նաև Քարակերտի բնակչի 2 ընկերներին, որոնցից մեկը կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքից մահացել է, իսկ մյուսին պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։

Բացի այդ, Արտենիի 23-ամյա բնակիչը հիշյալ ակումբում հնչեցրել է հայհոյանքներ՝ խոչընդոտելով ակումբի բնականոն աշխատանքը: Այդ ընթացքում, Քարակերտի՝ արդեն վիրավոր վիճակում գտնվող բնակիչներից երկուսն իրենց 3-րդ համագյուղացու հետ միասին մահակներով սկսել են հարվածներ հասցնել վերջինիս, ինչի հետևանքով էլ ակումբի տարածքում ծեծկռտուք է սկսվել, որին միացել է նաև 23-ամյա երիտասարդի ընկերը։

23-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթի նյութերը, վերջինիս վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։