Հասարակություն

Հայաստանը տարածաշրջանային ֆինթեք կենտրոն. կայացել է Doing Digital 2024 ֆորումը

Ապրիլի 3-ին կայացավ Doing Digital ամենամյա միջազգային ֆորումը: Արդեն 2-րդ տարին անընդմեջ Հայաստանը հյուրընկալում է ֆինանսատեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին, որոնք կիսվում են ոլորտի իրենց փորձով ու կանխատեսումներով: 

Ֆորումի գլխավոր խոսնակը ավստրալացի ֆուտուրիստ, բեսթելլեր դարձած գրքերի հեղինակ, աշխարհում առաջին շարժական բանքինգ հարթակի հիմնադիր Բրեթ Քինգն էր: Խոսնակների թվում էին նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ամերիաբանկի տեղեկատվական  տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը, Deloitte-ում Ռիսկերի ու ֆինանսական խորհրդատու Ռասմուս Նիելսենը, Just Better, People Growth Organization-ի գործադիր տնօրեն Դիրք Օլմայերը և այլք: Ֆորումի ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ թվային աշխարհի հրամայականները, պետական և մասնավոր ոլորտներում թվայնացման անհրաժեշտությունն ու հնարավոր լուծումները, կրիպտոարժույթների իրավական կարգավորման հեռանկարները, ինչպես նաև բանկային ոլորտի տեխնոլոգիական ապագան: 

Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն էր: Արդեն երկրորդ տարին անընդմեջ ֆորումի կողքին է Ամերիաբանկը, այս անգամ՝ որպես ֆինթեք գործընկեր: Ընկերության տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանն իր խոսքում ընդգծեց թվային փոխակերպման մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու և դինամիկ զարգացող աշխարհում մրցունակությունը պահպանելու գործում մարդկային գործոնի կարևորությունը:

«Թվային փոխակերպումը, ըստ էության մարդկանց մասին է։ Տեխնոլոգիան միայնակ չի կարող մեզ հասցնել վերջնական նպատակին: Թվային փոխակերպումն այն մարդկանց մասին է, որոնք փոփոխության շարժիչ ուժն են, ովքեր ստեղծում են ապագան: Ի վերջո, ապագան կանխատեսելու միակ եղանակն այն ստեղծելն է: Ես կարող եմ հպարտորեն ասել, որ Ամերիան թվային ապագա ստեղծելու հիանալի օրինակ է»,- ասել է Արմինե Ղազարյանը:

Խոսնակը նաև անդրադարձավ Ամերիաբանկի տեսլականին ու նպատակներին:

«Հաշվի առնելով անցյալ տարին՝ ակնհայտ է, որ մենք սահմանել ենք հավակնոտ նպատակներ, որպեսզի դիրքավորենք Հայաստանը որպես տարածաշրջանային ֆինթեք կենտրոն: Այսօր ես հպարտորեն կարող եմ հայտարարել, որ Ամերիաբանկը ոչ միայն իրագործում է իր այդ տեսլականը, այլև ընդլայնում  է հորիզոնը: Այժմ մենք գլոբալ ֆինթեք էկոհամակարգին ինտեգրվելու առաջամարտիկն ենք: Սակայն ցանկացած փոփոխության դեպքում անհրաժեշտ է մտքում պահել այն շարժիչ ուժը, որը ցանկացած փոխակերպման հիմնաքարն  է: Եվ այդ ուժի պարտադիր բաղադրիչը համարձակությունն է․ համարձակություն՝ հավատալու սեփական ուժերին, համարձակություն՝ ընդունելու թույլ կողմերը, համարձակություն՝ երազելու և կիսվելու, համարձակություն՝ ամեն օր աճելու թիմիդ հետ, նախաձեռնելու նոր փոփոխություններ ու բացելու հնարավորությունների նոր դռներ: Այս համատեքստում մեր առաքելությունն ենք համարում Ամերիան դարձնել նորարարության ու տեխնոլոգիայի տարածաշրջանային կենտրոն»,-իր խոսքում նշել է Արմինե Ղազարյանը:

Նշենք, որ 2023-ին Ամերիաբանկի գործարքների 98%-ը կատարվել է թվային ճանապարհով: Բացի այդ, բանկն առաջինն էր Հայաստանում, որ ամբողջությամբ թվայնացրել է անգամ բարդ գործարքների, մասնավորապես՝ հիփոթեքային վարկավորման գործընթացը: