Հարցազրույց

«Չեմ կարծում, թե սա տևական, խորը պրոցես լինի». տնտեսագետ

Radar Armenia-ի զրուցակիցը տնտեսագետ Արմեն Քթոյանն է։

- Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել։ Ինչո՞վ է պայմանավորված այս անկումը։

- Ըստ էության, եթե համեմատենք ներկա փոխարժեքը մեկ տարի առաջվա փոխարժեքի հետ, գրեթե նույն մակարդակի վրա են։ Դիտարկումները պետք է ավելի տևական ժամանակահատվածի ներքո լինեն։ Փոխարժեքը արտարժույթի գինն է, որը ձևավորվում է շուկայում՝ առաջարկ-պահանջարկի հիման վրա։ Եվ հիմա մի իրավիճակ է, երբ ամենատարբեր գործոնների ազդեցությամբ առաջարկը ձևավորող գործոնները շատ ավելի նշանակալի են պահանջարկի համեմատությամբ։ Դրանով արտարժույթի գինը մեր ֆինանսական շուկայում նվազում է։

- Իսկ տենդենցն ինչ է ցույց տալիս՝ դոլարի փոխարժեքի նվազումը որքա՞ն կշարունակվի։ Խոսակցություններ կան, թե շուկայում հայտնված շատ դոլարն է հանգեցրել այս իրավիճակին։

- Կա այդ իրավիճակը։ Երբ ասում եմ՝ առաջարկ, այո, շուկայում հայտնվել է ավելի շատ դոլար, քան այս պահին դրա պահանջարկը կա։ Նաև՝ հաշվի առնելով, որ մեր շուկան փոքր է, մի քանի գործարք կարող են կտրուկ վայրիվերումներ առաջացնել։ Այդ հանգամանքը կա։ Թե հետո ինչ կլինի, դժվար է ասել։ Փոխարժեքը կանխատեսելը անշնորհակալ գործ է։ Առավել ևս, մենք չենք վերահսկում այդ պրոցեսները։ Համապարփակ տեղեկատվություն անձամբ ես չունեմ, թե շուկայի որ խաղացողն ինչ վարքագիծ ունի, և առաջիկա մեկ ամսում ինչ կլինի։ Չեմ կարծում, թե սա տևական, ավելի խորը պրոցես լինի։

- Տնտեսության վրա փոխարժեքի անկումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

- Նրանք, որոնք դրսից արտարժույթով եկամուտ ունեն, եկամուտների գնողունակությունը նվազում է, նրանք, որոնք ՏՏ ոլորտում են աշխատում և եկամուտ ստանում են արտարժույթով, կամ աշխատում են դրսի կազմակերպությունների հետ, իրենց պարագայում ևս որոշակի կորուստներ կան։ Պետությունը, որը պարտքային պարտավորություններ է կատարում՝ պարտքի կամ տոկոսավճարի մարում, դրամով արտահայտված որոշակիորեն շահում է։ Այստեղ բազմաշերտ է։ Նրանք, որոնք ունեն արտարժույթով պարտավորություններ, բայց դրամային եկամուտներ, շահում են, իսկ նրանք, որոնք ունեն արտարժույթով մուտքեր կամ ակտիվներ, բայց դրամային պարտավորություններ, կորցնում են։ Ընդ որում, կորցնել-շահել գնահատականը ոչ թե ինչ-որ պահի դրությամբ պետք է արվի, այլ ավելի տևական ժամանակահատվածի։

- Իսկ ի՞նչ է տեղի ունենում շուկայում, երբ տնտեսվարողը ապրանքը գնում է դոլարով, բայց հասարակության վրա վաճառում դրամով։ Հանրությունը տնտեսապես վնաս կրու՞մ է, տուժու՞մ է, թե՞ ոչ։

- Եթե ներմուծվող ապրանք է, տվյալ տնտեսվարողը շահում է։ Այլ հարց է, թե արդյո՞ք այդ շահելը կարտացոլվի ապրանքի վրա։ Ամփոփելով՝ չէի ասի, որ կան նախադրյալներ, որ մենք կունենանք արտարժույթի կտրուկ անկում, և դա կպահպանվի։ Ի վերջո, հավելյալ պահանջարկի գործոններ կան, որոնք ակտիվանում են այն ժամանակ, երբ փոխարժեքը նվազում է։ Այսինքն, փոխարժեքի ինչ-որ մակարդակ կա, որից սկսած տնտեսվարողները կամ պետական անձինք կարող են նախընտրել, օրինակ, արտարժույթ ձեռք բերել, և դա հավելյալ պահանջարկ ձեռք կբերի՝ նպաստելով փոխարժեքի փոփոխմանը։

Հայկ Մագոյան