Հասարակություն

Զինված անձը ներխուժել է «ՀայՓոստ»-ի բաժանմունք

ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 09:05-ի սահմաններում անհայտ անձը ներխուժել է Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք և, զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել այնտեղ գտնվող ամբողջ գումարը: Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ-ից։ 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե։ 

ՔԿ-ից էլ հայտնեցին, որ փոստային բաժանմունքում առերևույթ ավազակության դեպքի մասին Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեակն օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենք զինամթերքի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։

«Այս պահին քննիչը դեպքի վայրում կատարում է անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ, ավելի ուշ ձեռք բերված նախնական տվյալների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասացին ՔԿ-ից։
 
Հայկ Մագոյան