ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 2-ին՝ աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը, ներկա է գտնվել «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքին և համերգին:
Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը:
Միջոցառումը կազմակերպվել է Աուտիզմ Ազգային Հիմնադրամի «Իմ ուղին» Սոցիալ-Հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի կողմից։ Այն աուտիզմ ախտորոշում և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների, դեռահասների և մեծահասակների կրթական, վերականգնողական, մասնագիտական դասընթացներ և զբաղվածություն ապահովող հաստատություն է, գործում է 2012 թվականից։ Կենտրոնն ունի 200 շահառու, որոնց տրամադրվում են վարքային, խոսքային, արտ, երաժշտական, պարային թերապիաներ, հոգեբանական, հոգեբուժական ծառայություններ:
Էստրադայից մինչև ջազ և բլյուզ, հայկական ու արտասահմանյան երգեր. կենտրոնի սաները հյուրերին զարմացրել են իրենց երաժշտական կարողություններով, երգել ու նվագել են ներկաների համար:
Միջոցառման ավարտին անցկացվել է ցուցահանդես-վաճառք: Ներկայացված էին կենտրոնի սաների աշխատանքները: Հավաքագրված գումարը տրամադրվելու է արցախցի երկու եղբայրների` մարզից «Իմ ուղի» կենտրոն հասնելու ճանապարհածախսը հոգալու համար: