Հասարակություն

Վարորդական իրավունք չունեցող կինը «Mitsubishi»-ով վրաերթի է ենթարկել դպրոցից վերադարձող երեխաների

Ապրիլի 2-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Անի Սիմոնյանն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղում, Խորենացի փողոցում, բախվել է աջակողմյան հատվածում կայանված, Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Արամիկ Զաքարյանին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային ապա վրաերթի ենթարկել Արարատի մարզի բնակիչներ 10-ամյա Հռիփսիմե Մ․-ին և 10-ամյա Անի Ա․-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այնուհետև «Mitsubishi»-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց, բախվել է բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել մայթին։ Վրաերթի ենթարկված երեխաներից մեկը ծայրահեղ ծանր, մեկը միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Mitsubishi»-ի վարորդն ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Նրան ձերբակալել, ապա տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին։ Ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ վրաերթի ենթարկված երեխաները սովորում են Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում և դպրոցից վերադառնում էին տուն։