Հասարակություն

Կրակոցներ՝ Երևանում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, վնասված ավտոմեքենա

Ապրիլի 1-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Չեխովի 56 շենքի բակում, երթևեկելի գոտում, կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի դիմաց՝ երթևեկելի գոտում, հայտնաբերել են ատրճանակից արձակված 2 կրակված պարկուճ, իսկ արդեն Արտաշիսյան փողոցում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա՝ հետևի աջ ապակին կոտրված։ Ըստ նախնական տեղեկությունների այն կոտրվել է կրակոցի հետևանքով։

Ժամանել են քրեագետները: Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցված է։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները պատմել են, որ երկու ավտոմեքենայի վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ նրանցից մեկն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա դեպքի վայրից նշված ավտոմեքենաները դիմել են փախուստի։ 

Ոստիկանությունն ունի օպերատիվ տեղեկություններ, որ Արտաշիսյան փողոցում հայտնաբերված «Opel»-ը մասնակցություն է ունեցել նշված միջադեպին։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։