Հասարակություն

Տերտերյանը և Դրաբեկը քննարկել են դպրոցների և մանկապարտեզների շինարարության հետ կապված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել  է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ Իվան Դրաբեկի գլխավորությամբ: 

Նախարարի տեղակալը կարևորել է մի շարք ծրագրերի մասով ՀՀ ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությունը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է  քննարկել  Հայաստանի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» (ՍՆՏԶ) վերաբերյալ  մի շարք հարցեր:

Տերտերյանը և ՀԲ-ի ներկայացուցիչները խոսել են ծրագրի զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքների ընթացքից, քննարկել են «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակներում իրականացվող գործողությունների նոր վեցամսյա ծրագիրը:

Նախարարի տեղակալը և Իվան Դրաբեկը քննարկել են նաև  դպրոցաշինության և մանկապարտեզների շինարարության հետ կապված հարցեր: Դրաբեկը նշել է, որ առկա են հնարավորություններ վերանորոգելու, վերազինելու մի շարք մանկապարտեզներ կամ դպրոցներ: 

Կարևոր համարելով այս նախաձեռնությունը՝ Վաչե Տերտերյանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները դպրոցների և մանկապարտեզների շինարարության հետ կապված՝ հավելելով, որ այս ծրագիրn աջակցություն կլինի կառավարությանը նշված ոլորտում:

Հանդիպման ընթացքում Տերտերյանը ներկայացրել  է համայնքահեն մի շարք հարցեր, խոսել  ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը վերաբերող թեմաներից, կառավարության կողմից տրվող աջակցության ծրագրերից, որոշ համայնքներում իրակակացվող մասնակցային բյուջետավորման գործընթացից:

Կարևոր համարելով ծրագրի շարունակականությունը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ հանդիպում ունենալ և քննարկել հետագա գործունեության հետ կապված հարցերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք  կարևորություն ունեցող այլ հարցեր ևս։