Հասարակություն

Պատարագը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

Մարտի 31-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: 

Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ և ուխտավոր հայորդիներ: 

Մայր եկեղեցու գավթում ամպհովանու ներքո ամփոփված Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների առջև երկրպագություն կատարելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բաշխելով ներկա հավատացյալ ժողովրդին, եկեղեցականաց թափորով առաջնորդվեց դեպի Սուրբ Խորան: 

Վեհափառ Հայրապետին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց հայրապետական իր պատգամը՝ փոխանցելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսը: