Գործարար առաքելությամբ Ղազախստանից Հայաստան են ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, զբոսաշրջության և լոգիստիկայի ոլորտները ներկայացնող ավելի քան 20 ընկերությունների ներկայացուցիչներ։
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Ղազախստանի Հանրապետության գործարար առաքելության ներկայացուցիչներն այսօր հյուրընկալվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, Աստանայի դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը, Ղազախստանի մի շարք տնտեսվարողներ:
Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանն ընդգծել է երկու երկրների համագործակցության մեծ ներուժը հատկապես ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում:
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են կրթական տեխնոլոգիաների բնագավառում համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները, թվային տեխնոլոգիաների կիրառումը նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում վարչարարության թվայնացման և գործընթացների ավտոմատացման հնարավորությունը, ինչպես նաև կրթության թվայնացման բնագավառում փոխհամագործակցությունը՝ մասնավոր ընկերությունների հետ համագործակցության հեռանկարով:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը տեղեկացրել է՝ ՀՀ-ում վերջին տարիներին կրթության ոլորտում թվայնացման ուղղությամբ նկատելի աշխատանք է կատարվել: Արդեն իսկ թվայնացված են սովորողների ընդունելության, հաստատությունից հաստատություն տեղափոխման, գնահատման, ուսուցիչների ատեստավորման, ավարտական վկայականների` ատեստատների տրամադրման և մի շարք այլ գործընթացներ:
Ղազախական կողմի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց երկրի փորձը՝ ընդգծելով, որ իրենք համագործակցում են Ղազախստանի լուսավորությոն նախարարության հետ:
Կողմերը կարևորել են համագործակցությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում թվայնացման գործընթացների, կրթության ոլորտում թվային տեխնոլոգիաների զարգացման, համատեղ ծրագրային նախաձեռնությունները՝ պատրաստակամություն հայտնելով այդ ուղղությամբ առաջարկներ մշակել: