Հասարակություն

Ահաբեկչության վարույթի շրջանակներում խուզարկություններ են իրականացվում շուրջ 40 հասցեներում

Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի ղեկավար կազմի և համակիրների բնակարաններում։ Մասնավորապես, խուզարկություններ են իրականացվել Ժիրայր Սէֆիլյանի, Արա Պապյանի, Կարո Եղնուկյանի, Վոլոդյա Ավետիսյանի բնակարաններում։ Խուզարկություն է իրականացվել նաև ԱԺԲ կենտրոնական և մարզային գրասենյակներում։

Արա Պապյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր ավարտեցին տանս խուզարկությունը։ Վերցրեցին բջջային հեռախոսս և գազային ատրճանակս, որի համար կա ոստիկանության թույլտվությունը»։

Radar Armenia-ի հետ զրույցում քննչական կոմիտեից փոխանցեցին, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում կատարված ահաբեկչության քրեական վարույթի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում շուրջ 40 հասցեներում. «Իրականացվում են նաև այլ քննչական գործողություններ։ Հավելյալ ինֆորմացիա չի տրամադրվում»։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին, ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված ներխուժել էին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել էին և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեղադրյալներից Ստեփան Հովակիմյանը և Վարդգես Գևորգյանը կալանավորվել են, իսկ Արթուր Մովսիսյանը դեռ գտնվում է բուժհաստատությունում։ Նրանք երեքն էլ «Բևիռի» աջակիցներ են։

Հայկ Մագոյան