ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը:
Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են:
Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք է ապրում միջխորհրդարանական համագործակցությունը, որին նպաստում է բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Գիվի Միքանաձեն նշել է, որ երկու երկրների առնչությունները ոչ միայն մշակութային և պատմական կապերով են սերտ, այլ նաև շատ են նմանությունները խորհրդարանական կառավարման համակարգում:
Անդրադարձ է եղել միջխորհրդարանական կազմակերպություններում երկկողմ համագործակցությանը:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը:
Հանդիպմանը մասնակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: