Հասարակություն

ԼՂ-ից տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան. ՀՀ կառավարությունն ընդունել է որոշման նախագիծը։ Այս ծրագրի շահառու կդառնան նաև մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը Հայաստան տեղահանված շուրջ 21.000 հոգին։

Նախագծի հիմնավորումներից պարզ է դառնում, որ 50 հազարական դրամ աջակցություն կտրվի 106.000 մարդու, և այս ծրագրի արդյունքում պետբյուջեից կծախսվի 47.7 մլրդ դրամ։

«Ընդլայնում ենք շրջանակը. 2020թ. հետո տեղահանվածները ևս դառնում են շահառու, նրանց թիվը շուրջ 6 հազար է։ Նաև՝ տեղահանումից հետո դեպքեր կան, որ ընտանիքներում նոր երեխաներ են ծնվել, և հարց է առաջանում՝ այս երեխաները շահառու հանդիսանու՞մ են, թե՞ ոչ։ Այս կարգավորմամբ նրանց ևս շահառու ենք դարձնում»,- պարզաբանել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։