Հասարակություն

Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը

Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է՝

15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների նկատմամբ (ՄԱՍ 1)
ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից՝

Եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը կնվազի 30 տոկոսով:

Վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի):

Օրինակ, եթե կայացվել է 5000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, կկիրառվի բոնուսային նվազեցում 30 տոկոսի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 3500 դրամ։
Կամ արձանագրված խախտման համար եթե կայացվել է 20 000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, ապա կկիրառվի բոնուսային նվազեցում 30 տոկոսի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 14000 դրամ։

15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում և պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։

Վարչական տույժ նշանակելու մասին որոշման մեջ, որն ուղարկվելու է վարորդին, ներկայացված կլինի տուգանքի նվազեցման տոկոսայնությունը։

Համակարգը գործելու է ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների դեպքում։

Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում։