Հասարակություն

«Թատրոնն այն հայելին է, որում արտացոլվում է հասարակությունը». Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։

«Թատերական աշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ թատերասերներ,

ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մշակութային կյանքի, թատերասեր հանրության համար կարևոր իրադարձություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու թատրոնի անփոխարինելի դերը բոլոր ժամանակներում։ Թատրոնն այն հայելին է, որում արտացոլվում է հասարակությունը՝ իր վարքականոններով, կենցաղավարությամբ, բարոյահոգեբանական նկարագրով, արժեհամակարգով և գեղագիտական ընկալումներով։ Թատրոնը նաև այն ճանապարհներից մեկն է, որը հասարակությանը տանում է դեպի կատարելագործում, ինքնակրթում և հոգևոր ապաքինում։

Թատրոնների զարգացման նպատակով մենք ձեռնամուխ ենք եղել թատերհամերգային կազմակերպություններում ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, որն ապահովել է էական փոփոխություն և նոր որակի է հասցնելու թատերական գործունեությունը՝ նպաստելով տնտեսության կարևոր ճյուղի՝ ստեղծարար արդյունաբերության զարգացմանն ու մշակութային կյանքին մարդկանց հաղորդակցմանը՝ այդպիսով բարձրացնելով նաև կյանքի որակը:

Մենք կարևորում և խրախուսում ենք նաև թատերական գործունեության մասնավոր նախաձեռնությունները և աշխատանքի նորարար ոճը՝ արվեստի այս տեսակը դիտարկելով ունեցած արժեքների պահպանման ու նորի գիտակցման ներդաշնակ հարաբերակցության մեջ:

Թատրոնի գրավչությունը բարձրացնելու, այն հասարակության ավելի լայն շերտերին՝ դպրոցահասակ երեխաներից սկսած՝ ավելի հասանելի և հետաքրքիր ներկայացնելու, թատերական կյանքն աշխուժացնելու և առավել մրցունակ դարձնելու ուղղությամբ պետության ուշադրությունը լինելու է շարունակական։

Ընդամենը օրեր առաջ` Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, մենք հայտարարեցինք «Թատերական շաբաթ» նոր նախաձեռնության մասին, որի շրջանակում բազմաթիվ թատրոններ հանրության համար բացել են իրենց հյուրընկալ դռները ոչ միայն տարբեր ներկայացումներով, այլև կրթամշակութային ծրագրերով, ճանաչողական շրջայցերով, անվանի դերասանների և բեմադրիչների հետ հանդիպումներով` ցուցադրելով թատրոնի իրականությունը վարագույրից այն կողմ` հետնաբեմում։ Մենք նախատեսել ենք, որ այս ծրագրի հիմնական շահառուները լինելու են դպրոցականները, որոնց համար թատրոնը ներսից տեսնելու հնարավորությունը կարևոր նշանակություն կունենա նաև մասնագիտական կողմնորոշման առումով: Թատերական շաբաթը դառնալու է մեր մշակութային կյանքի անբաժան մասը և իրականացվելու է ամեն տարի:

Այս կարևոր օրն առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել թատրոնի երախտավորներին, որոնք իրենց գործունեությամբ թատրոնի պատմությունն են կերտում՝ միաժամանակ կերտելով հասարակության նկարագիրը։

Թատրոնի նվիրյալներին իրենց ստեղծագործ և պատասխանատու գործում մաղթում եմ անսպառ ներշնչանքներ, նոր գաղափարների իրագործման կամք և խիզախություն, իսկ մեր թատերասերներին՝ մշակութային բուռն օրեր և նոր բացահայտումներ»,- ասված է նախարարի ուղերձում։