Հասարակություն

Բուք, ձյուն, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող, Բերդ-Ճամբարակ (բուք է) և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ջերմուկի խաչմերուկից Սարավան«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Կապան-Գորայք ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Գյումրի-Աշոցք, Գյումրի-Մաստարա և Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Արտաշավան համայնքում, Վարդենիս և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջան քաղաքում մառախուղ է։ Արագածի, Թալինի, Ապարանի տարածաշրջաններում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: