Հասարակություն

Այսօր Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր Տուբերկուլոզի (Տբ) դեմ պայքարի համաշխարհային օրն է:

Օրվա կարգախոսն է` «Այո, մենք կարող ենք վերջ տալ տուբերկուլոզին»: ՏԲ-ն կանխարգելելի և բուժելի հիվանդություն է, բայց մնում է հանրային առողջապահական գերակա խնդիրներից մեկը:

Տուբերկուլոզի հակազդման 2021-2025թթ. ազգային ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում` 2023թ.`

հիվանդացության ցուցանիշը 13.5 է` 100 հազար բնակչի հաշվով,  2015թ. համեմատ նվազել է 63%-ով: 

Մահացության ցուցանիշը կազմել է 1.0, նախորդ տարվա համեմատ նվազել է 14%-ով: 

Չնայած այս ցուցանիշներին` հատկապես բազմադեղակայուն տուբերկուլոզի տարածվածության կանխարգելման, բուժման արդյունավետության բարձրացման,  խարանի նվազեցման առումով դեռևս անելիքներ կան:
 
Ակտիվ տուբերկուլոզով հիվանդանալը, վարակվելը, բուժման արդյունավետությունը կախված են տարբեր սոցիալական և ռիսկային գործոններից, ինչպիսիքն են` թերսնուցումը, վատ կենսապայմանները, աղքատությունը, սոցիալ-հոգեբանական  իրավիճակները: 

Հետևաբար, շատ կարևոր է տարբեր ոլորտների՝ առողջապահական և ոչ առողջապահական, քաղհասարակության, համայնքների համագործակցությունը` ռիսկի գործոնների նվազման և հիվանդության հաղթահարմանն ուղղված նպատակներին հասնելու համար:

Հիվանդության հիմնական ախտանիշների` 2 շաբաթ և ավելի տևողությամբ հազի, խորխարտադրության, թուլության, ախորժակի կորստի, քաշի անկման, գիշերային քրտնարտադրության, մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում պետք է դիմել պոլիկլինիկա, որտեղ կիրականացվեն առաջնային հետազոտություններ ընտանեկան բժիշկների, թերապևտների կողմից, իսկ ցուցումների դեպքում կուղեգրվեն մասնագիտական կենտրոններ։

ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնը համարվում է մեր երկրի միակ տուբերկուլոզային բազմապրոֆիլային կենտրոնը, որի  հիմնական նպատակն է արագ, ճշգրիտ ախտորոշել տուբերկուլոզը, իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժում և կյանքի կոչել տուբերկուլոզի ռազմավարական ծրագիրը։

Տուբերկուլոզի բուժումը և հայտնաբերումը մեր երկրում անվճար է` իրականցվում է պետական պատվերի շրջանակներում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական