Մարտի 24-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արտաշատի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի տներից մեկում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկներն ու ոստիկանները Զոհրաբի փողոցում հայտնաբերել են ատրճանակից կրակված թվով 6 պարկուճ, իսկ Իսակովի փողոցում՝ կրակված 1 գնդակ։ Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորն Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Տիգրան Բ․-ն է։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են ենթադրյալ սպանության փորձ կատարողի ինքնությունը, ով ոստիկանների ու պարեկների կողմից տաք հետքերով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Արտաշատի բաժին։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։