ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, դիմելով նախարար Անահիտ Ավանեսյանին, հայտարարել է, թե շաքարային դիաբետի դեղերի հետ կապված բողոքները շատ են, և դրանց մեջ որոշակի օբյեկտիվություն կա։ Ըստ նրա, բողոքներ են հնչում թե քաղաքացիներից, թե բուժաշխատողներից․ «Բողոքները մեկ-երկուսը չեն, շատ-շատ են։ Տիկին Ավանեսյան, ինձ բժիշկներ են բողոքում, առաջնային օղակի բժիշկներ։ Կարող է՝ Ձեզ են 4-ը ասում...»,- ասել է նա՝ հավելելով, որ այս ոլորտում հավելյալ ուսումնասիրության կարիք կա։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հակադարձեց, թե մի քանի հոգու կողմից ինստուլինի հետ կապված ներկայացված մտահոգությունները մանրամասն ուսումնասիրվել են. «Մինչև 10 բողոք է եղել, բոլորի մասով իրականացվել է հստակ աշխատանք։ Դեղերի որակի հետ կապված ոչ մի խնդիր չունենք։ Մենք հստակ ենք եղել, որ չափորոշիչները լինեն բավարար։ Բայց այստեղ ես տեսնում եմ մարդկանց դիտավորյալ ուղղորդելու և ստվեր նետելու միտում այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա»։