ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե քննարկվում է տրանսպորտի բոլոր հնարավոր տարբերակները «Ակադեմիական քաղաք» հասցնելու հարցը։ Նրա խոսքով, նմանատիպ նախագծերի իրականացման փորձը տարբեր երկրներում ցույց է տալիս, որ հաջողության ամենակարևոր գրավականը տրանսպորտային հասանելիությունն է։
«Հետևաբար մեզ համար շատ կարևոր է, որ «Ակադեմիական քաղաքը» լինի հասանելի ոչ միայն մեկ ձևով և մեկ տեղից, ինչը կնշանակի, որ այն հասանելի չէ, այլ տարբեր ձևերով, տարբեր ուղղություններով ու տարբեր տրանսպորտային եղանակներով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ հարցը ակտիվ քննարկվում է։
Նրա խոսքով՝ մինչև ս․թ․ հունիս ամիսը պատրաստ կլինի «Ակադեմիական քաղաքի» ամբողջությամբ մշակված հատակագիծը։
««Ակադեմիական քաղաքի» տարածքով երկաթուղային գիծ է անցնում, որն այս պահին ավելի շատ օգտագործվում է իբրև բեռնատար։ Մենք դա վերափոխելու ենք և ուղևորատար նպատակներով կիրառելու։ Այն չի շրջանցվում, ուղիղ մեջտեղով է անցնում, և մենք ուզում ենք դարձնել դա «Ակադեմիական քաղաքի» հիմնական տրանսպորտային հանգույցը, որը «Սասունցի Դավիթ» կայարանից կգնա դեպի «Ակադեմիական քաղաք», և այնտեղ կլինի կայարան», - շեշտել է Անդրեասյանը։ Ըստ նրա, մետրոյի զարգացումն էլ պատկերացնում են «Աջափնյակ» կայարանից. «Մի ձևով չի պլանավորվում տրանսպորտը, մի քանի եղանակով է ապահովվելու տրանսպորտի հասանելիությունը՝ երկաթուղի, մետրո և այլն»