Հասարակություն

Աջափնյակում սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ

Աջափնյակում սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ

Ավարտվել է Կոտայքի մարզի մի շարք բնակիչների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն, Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու և վերջինիս ավտոմեքենան վնասելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 19-ին՝ ժամը 08:30֊ի սահմաններում, Կոտայքի մարզի 22, 37, 34 և 31-ամյա բնակիչները, վերջինիս և Երևանի 42–ամյա բնակչի միջև ունեցած տարաձայնությունների պատճառով առաջացած վիճաբանության կապակցությամբ, 42-ամյա տղամարդուց վրեժ լուծելու և վերջինիս պատկանող «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան վնասելու դիտավորությամբ, մի խումբ այլ անձանց հետ, գնալով Երևան քաղաքի Բաշինջաղյան-Պարսեղով փողոցների խաչմերուկի մոտ, սպասել են 42-ամյա տղամարդուն:

Ժամը 08:50-ի սահմաններում, վերջինս Պարսեղով փողոցում գտնվող տնից իր վերոնշյալ ավտոմեքենայով մոտեցել է Բաշինջաղյան-Պարսեղով փողոցների խաչմերուկին, որի ընթացքում, հանցակիցների միջև նախապես կատարված դերաբաշխման համաձայն, 22-ամյա երիտասարդը՝ «Տոյոտա Պլատզ», իսկ 34-ամյա տղամարդը՝ «Վազ 21 214» մակնիշի ավտոմեքենաներով արգելափակել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի ընթացքը։

Այնուհետև Կոտայքի մարզի 22, 37 և 34-ամյա բնակիչները, մի խումբ անձանց հետ, որոնցից մեկը եղել է մահակով, մոտեցել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենային և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հարակից տների բնակիչների և փողոցում գտնվող անձանց անդորրը խախտելով, մահակով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել հիշյալ ավտոմեքենային։

Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը, իր անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դուրս է եկել «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայից և 42-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կրած «Сайга МК» մոդելի 5,45 տրամաչափի որսորդական ակոսափող կարաբինից կրակոցներ է արձակել վերջինիս և նրան պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։ Սակայն 42-ամյա տղամարդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Հիշյալ անձանց կողմից հասարակության նկատմամբ ցուցաբերած անհարգալից գործողությունների հետևանքով խախտվել է փողոցի երթևեկությունը, վնասվել է 42–ամյա տղամարդուն պատկանող «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վերջինիս պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս։ 42-ամյա տղամարդուն պատճառվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22, 34 և 37-ամյա տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 31–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված 4 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Միջադեպի մյուս մասնակիցների մասով նախաքննությունը շարունակվում է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական