Երևանից բացի, Հայաստանի մյուս համայնքներում ևս կգործեն շրջիկ առևտրի վերաբերյալ կարգավորումները. Հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ-ում ներկայացնելով ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
«Մենք մոտ մեկ տարի առաջ ընդունեցինք օրենքներ այս թեմայով և Երևանում կանոնակարգեցինք շրջիկ առևտուրը: Դեռևս այն ժամանակ Ազգային ժողովի հետ քննարկումներում պայմանավորվեցինք և խոստացանք, որ Երևանի փորձը հաշվի առնելով, որոշակի եզրակացություններ անելուց հետո` կներկայացնենք նաև փոփոխություններ, համաձայն որոնց` այս կանոնակարգումները կտարածվեն նաև Հայաստանի մյուս համայնքների վրա: Հիմա, փաստորեն, մենք այդ գործընթացն ենք իրականացրել և մեր կողմից առաջարկվող փոփոխություններով կարգավորումները կտարածվեն մյուս բոլոր համայնքների վրա»,- ասել է նա։ Փոխնախարարը նաև հավելել է, որ առայժմ համայնքների համար կլինի մեկ բացառություն, որը վերաբերում է էլեկտրոնային հատուկ կայքէջի միջոցով շրջիկ առևտրի թույլտվություններ տրամադրելուն:
Փոխնախարարի խոսքով շրջիկ առևտրի ոլորտում Երևանում ներդրված այս կանոնակարգումները դրական արդյունք են ցույց տվել, ինչից կարող են օգտվել մյուս համայնքները: